Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման:
Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի և ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ:
Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում' հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և այլ բազմակողմ ձևաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման և զարգացման համար:
Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը հետագայում ևս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»: