Ճապոնացի գիտնականների 24-ամյա աշխատանքի պտուղը՝ երկրի նախկին կայսեր Սյովի (կենդանության օրոք՝ Հիրոհիտո) ամբողջական կենսագրությունը, 12 հազար էջի վրա հրապարակվել է Ճապոնիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կայսերական արքունիքի վարչությունը:

 

Սյով կայսրի կառավարումն ամենաերկարն Է (1901-1989 թթ.) եղել Ճապոնիայի ողջ պատմության ընթացքում, եւ նրան վիճակվել են այնպիսի դրամատիկական իրադարձություններ, ինչպիսիք են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումները, Ճապոնիայի կապիտուլյացիան եւ ամերիկյան օկուպացիան, Տոկիոյի Օլիմպիական խաղերը (1964), երկրի վերականգնումն ու Ճապոնիայի վերածումը աշխարհի երկրորդ տնտեսության: Նրա կենսագրությունը գրեթե 1,5 անգամ ավելի երկար Է ստացվել, քան մինչ այժմ ամենածավալուն աշխատությունը կայսր Մեյձիի (Մուցուհիտո, 1867-1912 թթ.) կյանքի մասին, որի օրոք Ճապոնիան բարեփոխումներ իրականացրեց եւ սկսեց ակտիվորեն օգտագործել Եվրոպայի ձեռքբերումները:

 

Սյովի կենսագրությունը հիմնված Է 3 հազար պատմական փաստաթղթերի վրա, որոնցից 40-ը հրապարակվել են առաջին անգամ: Դրանք կայսեր օրագրային գրառումներն են ու դպրոցական շարադրությունները, հուշագրություններն ու նրա շրջապատի մարդկանց գրությունները եւ այլ փաստաթղթեր: Դրա շնորհիվ 20-րդ դարի Ճապոնիայի պատմության շատ փաստեր նոր լուսաբանում են ստանում, իսկ կայսեր անհատականությունը՝ ավելի վաղ անհայտ գծեր: Օրինակ, պարզվել Է, որ 12-ամյա գահաժառանգը երազել Է ոչ թե գահի, այլ գիտնականի կարիերայի մասին եւ ցանկացել Է դառնալ բնական գիտությունների դոկտոր:

 

Նրա կենսագրության վրա աշխատանքն սկսվել Է կայսեր մահից հետո անմիջապես (1990 թվականի մայիս), իսկ 2014 թվականի օգոստոսին աշխատությունը ներկայացվել Է կայսերական ընտանիքին: Սեպտեմբերի 9-ից մինչեւ նոյեմբերի վերջը այն դիտելու համար բաց Է Արքունիքի վարչության արխիվային եւ տպագիր նյութերի շենքում: Այնուհետեւ կենսագրությունը կտրվի տպագրության. դրա ամբողջական հրապարակումը կտեւի հինգ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: