Ադրբեջանի կառավարության հայտնի վարձու լոբբիստ, Իսրայելի Հայֆա համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտող Բրենդա Շաֆերի հոդվածը ամերիկյան New York Times պարբերականում անարձագանք չի մնացել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանությունների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու կողմերն էլ իրենց պատասխան նամակն են հղել պարբերականի խմբագրությանը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր նամակում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ձևափաչը ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ, ուղղված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Այս երկրների նախագահներն իրենց միասնական դիրքորոշումն են հայտնել հինգ հաջորդական հայտարարություններում: Հանդիպումները Ռուսաստանում' օգոստոսին, Ուելսում' այս ամսին և հաջորդը Ֆրանսիայում' հոկտեմբերին, նման համատեղ ջանքերի դրսևորումներն են: Խաղաղապահ առաքելությունը եղել է բանակցային գ ործընթացի անբաժան մասը և երբեք առանձին չի դիտարկվել: Հրադադարի ռեժիմի վերջին խախտումներն իրականացվել են Ադրբեջանի կողմից, որը հրաժարվում է հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների առաջարկությունը հրադադարի խախտման դեպքերն ուսումնասիրելու վերաբերյալ: Հետևաբար, Ադրբեջանը պատասխանատու է իրավիճակի թեժացման համար»,- նամակում գրել է Նաղդալյանը:
Ադրբեջանական կողմի պատասխան նամակի հեղինակը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն է, ով գրեթե ամբողջությամբ համաձայն է հոդվածի հեղինակի հետ, միայն թե պահանջում է Հայաստանին ներկայացնել որպես «ագրեսոր»: Սուլեյմանովը նաև կոչ է անում Բրենդա Շաֆֆերին զուգահեռներ չտանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ նրանցից «մեկն ագրեսոր է, իսկ մյուսը'զոհ»: Որպես հակամարտության կարգավորման լավագույն ուղի Ադրբեջանի դեսպանն առաջարկում է հայկական զինուժի դուրսբերումը ԼՂ տարածքից:
New York Times պարբերականում Բրենդա Շաֆֆերի հոդվածի մասին կարող եք կարդալ այստեղ: