Սահմանադրական բարեփոխումների հարցում տարաձայնությունն Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակում տարանջատ գործելու առիթ է հանդիսացել: Քառյակի երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին հանրահավաք կանցկացնեն: ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին: Այս մասին քառյակի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Տեղի ունեցավ քառյակի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում որոշվեց, որ հոկտեմբերի 10-ին քառյակի անդամ երեք քաղաքական ուժեր համատեղ հանրահավաք կանցկացնեն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 18:00-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

 

Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը հակասում է քառյակի մյուս ուժերի տեսակետին, իսկ հանրահավաքի ընթացքում իրենք չեն կարող շրջանցել սահմանադրական բարեփոխումների հարցը: «Քանի որ մենք այս հարցը չէինք կարող շրջանցել, ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին: Դա իրենց որոշումն է, և մենք հարգում ենք այդ որոշումը: Ցանկալի կլիներ, որ նրանք մեզ հետ լինեին, մասնակցեին հանրահավաքին և մարզային այցելություններին, սակայն իրենք այդպես են որոշել»,- նշեց Զոհրաբյանը:

 

Միևնույն ժամանակ, նա կոչ արեց այս ամենի մեջ ինտրիգներ չփնտրել: Քառյակը, Զոհրաբյանի խոսքով՝ շարունակում է գործել ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ ուժերը համաձայության են եկել և առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ: