Sun թերթը հրապարակել Է 14 նախկին բարձրաստիճան զինվորականների բաց նամակը, որով շոտլանդացիներին կոչ Է արվում դեմ քվեարկել Լոնդոնից անկախանալուն, քանի որ ներկայիս տեսքով Մեծ Բրիտանիայի պահպանումը, ուժայինների կարծիքով, «խիստ կարեւոր Է մեր ընդհանուր անվտանգության համար»,-տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ուղերձն ստորագրել են Միացյալ Թագավորության պաշտպանության յոթ նախկին նախարարներ, ռազմածովային նավատորմի երեք նախկին ղեկավարներ եւ բանակի ու ռազմաօդային ուժերի երեք նախկին գլխավոր հրամանատարներ: Նրանց կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալը կթուլացնի կղզու բոլոր բնակիչներին»:

 

Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին, եւ եթե բնակիչների մեծամասնությունն արտահայտվի Միացյալ Թագավորության կազմից նրա դուրս գալու օգտին, անկախությունը կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին:

 

Բրիտանացի բազմաթիվ նշանավոր անձինք վերջին օրերին արտահայտվել են Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում պահպանելու օգտին: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը դիմել է շոտլանդացիներին՝ կոչ անելով առաջիկա հանրաքվեում քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ:

 

Երկրի միասնության պահպանման կողմնակիցների թվում են՝ Rolling Stones լեգենդար խմբի առաջատար Միք Ջագերը, երաժիշտ Փոլ Մաքարթնին, դերասանուհիներ Հելեն Բոնեմ Քարթերը եւ Ջուդի Դենչը, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերը, գրող Ջոան Ռոուլինգը եւ ուրիշներ:

 

Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման շուրջ հանրաքվեում քվեարկելու համար գրանցվել է մոտավորապես 4,3 մլն մարդ: 2014 թվականի տվյալներով՝ Շոտլանդիայի բնակչությունը կազմում է 5,3 մլն մարդ, որոնցից մոտավորապես 4,4 միլիոնը չափահաս քաղաքացիներ են: Այդպիսով, ձայնի իրավունք ունեցող շոտլանդացիների առնվազն 97 տոկոսը կմասնակցի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ հանրաքվեին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: