ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի պահանջով սեպտեմբերի 19-ին կանցկացնի նիստ՝ նվիրված Ուկրաինայում մալայզիական Boeing 777-ի կործանման հետաքննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
Boeing 777-ը, որն իրականացնում էր Ամստերդամ-Քուալա Լումպուր չվեթրը, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Դոնեցկի մարզում: Զոհվել են օդանավում եղած բոլոր 298 մարդիկ:
Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2166 բանաձեւը, որը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում ավիաաղետի վայրին հարող տարածքում:
Սեպտեմբերի 9-ին Նիդեռլանդները հրապարակել է ավիաաղետի հետաքննության նախնական արդյունքները, որոնցում ոչինչ չի ասվում ողբերգության մեղավորների մասին: