Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի երկու տեղամասերում փորձառու վարպետի աշխատանքի եւ դպրոցի «Աժդահակ» էկոակումբի երեխաների հետեւողականության արդյունքում տեղադրվեց երկու կանգառ, որոնք նախատեսված են ինչպես արեւից, քամուց եւ տեղումներից պաշպանվելու, այնպես էլ' համայնքի բնակիչներին իրենց հետաքրքրող բնապահպանական հարցերին իրազեկելու համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար Նելլի Դռնոյանը, այդ ամենը կատարվում է «Հայ կանայք' հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-կողմից տրամադրած պաստառների եւ բուկլետների միջոցով, ինչպես նաեւ երեխաների պատրաստած տեղեկատվական թերթիկների օգնությամբ:

 

Համայնքի բնակիչները սիրով են օգտվում տաղավարներից, հաճախ էլ այդտեղ են գալիս' բնապահպանական խնդիրներին եւ դրանց լուծումներին ծանոթանալու համար: Հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գյուղի մյուս հատվածներում ապրող բնակիչները եւս ցանկանում են, որ իրենց մոտ տեղադրվեն նման կանգառներ:

 

Գեղարքունիքում էկոկանգառները բացվեցին «Հայաստանում բնապահպանական կրթության զարգացում' ի նպաստ կենսաբազմազանության բարելավման» ծրագրի շրջանակում' «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ «Չուդ լճի անդրսահմանային համագործակցության կենտրոն» կազմակերպության աջակցությամբ:

 

«Էստոնիայի զարգացման հարցերով համագործակցություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվեց ակնարկների մրցույթ, որի նպատակն էր' աշակերտների միջոցով վերհանել բնապահպանական խնդիրները եւ տալ դրանց հնարավոր լուծումներ: «Աժդահակ» էկոակումբը եւս ակտիվորեն մասնակցեց մրցույթին' ներկայացնելով ութ ակնարկ, որից մեկը, «Թռչունին' բույն» վերնագրով, անցավ խրախուսական փուլ, իսկ «էկոկանգառ» վերնագրով ակնարկը, գրավելով առաջին տեղը, անցավ մրցութային փուլ եւ ֆինանսավորվեց:»

 

Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքում իրագործվեց բնապահպանական եւ փորձարարական կրթության համադրումը, որը շատ արդյունավետ եւ առաջընթաց քայլ է ոլորտի զարգացման համար' ինչպես դպրոցում, այնպես էլ գյուղի բնակչության շրջանում: Եվ գնահատելի է այն փաստը, որ մեր հասարակության մեջ ամրապնդվեց բնապահպանական գիտակցություն եւ էկոլոգիական մշակույթ: Այս մոտեցումը կրթության նոր ձեւի մոդել է' ինտեգրված բնապահպանական կրթության լավագույն մեթոդ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նելլի Դռնոյանը:

 

Խոսրով Խլղաթյան