Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում (մեկնարկում է հունվարի 21-ին), թեև Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցեր ներառված չեն, սակայն այն բավական հագեցված օրակարգ ունի և սպասվում են հետաքրքիր զարգացումներ՝ կապված Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով՝ դրանցից առաջինը վերաբերում է ԵԽԽՎ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ադրբեջանի պարտավորությունների կատարման զեկույցում Լեռնային Ղարաբաղի հատվածում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Ժոզեֆ Գրեշն ուղղակիորեն խեղաթյուրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերը, ինչպես նաև «միջազգային հանրության հստակ, չափված վերաբերմունքն ու գնահատականը հակամարտությանը»:

Նաև Ադրբեջանի հարցով համազեկուցողները զեկույցում չեն ներառել հայկական պատվիրակության որևէ առաջարկ, որոնք դեռ մեկ ամիս առաջ հայաստանյան պատվիրակության անդամներն ուղարկել էին:

«Թեև Ադրբեջանի պարտավորությունների կատարման զեկույցն արդեն իսկ լուրջ քննադատության է արժանացել դեռևս Իլհամ Ալիևի կողմից չկաշառված կամ բանտեր չգցված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, բայց արդեն իսկ կան տեղեկություններ, որ Ադրբեջանը գործի է դրել իր ողջ նավթախավիարային ռեսուրսը, որպեսզի եվրոպացի պատգամավորների խավիարակեր ռեսուրսը այլ երկրների կոնտեքստում պաշտպանի Ադրբեջանի շահն ու տեսակետը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Tert.am-ին պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ իր և Արմեն Ռուստամյանի հատուկ կարծիքները կցված են զեկույցին:

«Չեմ կարող այն ներկայացնել, որովհետև համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի այն սկսում է շրջանառվել նիստից հետո և չգիտեմ՝ տարածված է, թե ոչ: Ուստի, կանոնակարգը չխախտելու համար ձեռնպահ կմնամ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ այս նստաշրջանում նախատեսված է նաև Հայաստանին անուղղակիորեն առնչվող այլ զեկույցներ: Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում է Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցին, որում անդրադարձ կա նաև հայաստանյան որոշ լրատվամիջոցներին, մասնավորապես, և մամուլի ազատության խնդիրներին ընդհանրապես:

Այս զեկույցի քննարկման համատեքստում ելույթ է պատրաստել «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վահե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մեկուկես տարի է՝ ԵԽԽՎ-ում գործում է ազատ դեբատների ռեժիմը, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է ներկայացնելու այն գերակա խնդիրները, ենթադրվում է, որ հայաստանցի պատգամավորները այն կօգտագործեն արտաքին-քաղաքական կամ իրենց երկրի քաղաքական օրակարգի խնդիրները ներառելու համար:

Այս տարվա մայիսից առաջին անգամ Հայաստանը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը և հայկական պատվիրակությունը հունվարյան և ապրիլյան նստաշրջաններին լուրջ անելիքներ ունի Հայաստանի նախագահության վեց ամիսների հիմնական գերակայությունները սահմանելու հարցում:

Քանի որ քննարկում չի եղել, Նաիրա Զոհրաբյանը դեռևս դժվարանում է ասել, թե որո՞նք են դրանք լինելու:
Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց հարցն ուղղել գործադիր իշխանությանը, քանի որ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու է արտգործնախարար Էդվար Նալբանդյանը:

Հավելենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում հրավիրյալ հյուրի կարգավիճակով ելույթ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հրավիրված է նաև Եվրոպական Միության հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: