Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևողական ջանքեր է գործադրում՝ միտված միջազգային կազմակերպություններում և գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդմանը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Նախորդ տարի մեր երկիրն հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություններում, ինչն էլ ավելի բարձրացրեց մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ևս մեկ անգամ ընդգծեց մեր դիվանագիտական համակարգի պատրաստակամությունը ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գորխընկերությունը ԱՄՆ-ի, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևաններ Իրանի և Վրաստանի հետ: «Հայաստանի մոտեցումը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Մենք ջանում ենք խորացնել փոխգործակցությունը եվրոպական, ասիական, լատինաամերիկյան, արաբական, աֆրիկյան երկրների հետ, ընդլ այնել մեր երկրի փոխհարաբերությունների աշխարհագրությունը»,- հայտնեց Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ մեր դեսպանները ուղղակիորեն և համատեղության կարգով հավատարմագրված են ավելի քան 9 տասնյակ երկրներում և միջազգային կազմակերպություններում:
Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող քայլերին՝ Նալբանդյանը հավելեց, որ Հայաստանը շարունակել է հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: «Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Մեր ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտական օժանդակությունը, տարբեր երկրներում գտնվող մեր երկրի քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես' ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը»,- նշեց նախարարը:
Միևնույն ժամանակ, Նալբանդյանն ընդգծեց, որ շատ նախաձեռնություններում ՀՀ-ն վայելում է Սփյուռքի կազմակերպությունների և անհատների աջակցությունը, որում է կայանում հաջողության գրավականը: «Վստահ եմ, որ այս կարգի հանդիպումները հնարավորություն են ընձեռում համակարգելու մեր գործողությունները, առավել արդյունավետ դարձնել մեր համատեղ ջանքերն ուղղված միջազգային ասպարեզում մեր պետության, մեր ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- եզրափակեց նախարարը: