Հաջորդ տարի հայ ժողովուրդն ազգովի ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ հաստատելով հայրենազրկված հայ ժողովրդի ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, հայ ժողովրդի միասնականության և ազգային իղձերի իրականացման հետևողականություևը:
Այս մասին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման խոսքում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «2015թ. քաղաքական լուրջ նախաձեռնութ յունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համար: 2015թ. նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ ևս կասենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատկաների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015թ. ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նախագ ահ Սարգսյանը:
Դիմելով ներկաներին՝ նա հիշեցրեց, որ նրանցից շատերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կազմում: «Բոլորիդ նպատակն արդարության վերահաստատումն ու մարդկային գաղափարախոսության հաղթանակն է խավարի գաղափարախոսության հանդեպ: Նպատաուղղված աշխատանքներ են կատարում նաև հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմկաերպությունները: Այս գործում լուրջ անելիքներ ունեն նաև հայրենիքում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Նա ընդգծեց, որ 2015թ.-ն ոչ թե հայկական պահանջատիրության սահմանագիծն է, այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման յուրահատուկ հանգրվան էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից տասնամյակներ անց, խախտելով լռությունը, ամբողջ Սփյուռքն ու հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման և պաշտոնական ճանաչման պահանջով: «Մեծ էր դրանում ժողովրդի պանծալի զավակների՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զուրաբյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի դերակատարությունը: Այս պարագայում ևս Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին կարողացավ պետականությունից զրկված հայ ազգին համախմբել ազգային իղձերի իրականություն դարձնելու նպատակի շուրջ»,- նշեց Նախագահը:
Նրա խոսքով՝ այսօր առողջ բանականությունն ստիպում է թուրք հասարակությանը կասկածի տակ առնել պաշտոնական կեղծ պատմագրությունը, և հազարավոր թուրքեր մերժում են սեփական երկրի՝ Ցեղասպանության ուրացման պաշտոնական քաղաքականությունը: «Այդպիսով ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ուրացման Թուրքիայի իշխանությունների քաղաքաանությունը քայլ առ քայլ սպառում է իրեն և փակուղի է մտնում: Այս զարգացումների հետևանքով թուրք պաշտոնյաները սկսել են նոր վարքագիծ որդեգրել, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերաձևակերպված տարբերակը»,- շեշտեց նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց իր այն խոսքը, որ Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: «Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի իշխանություններին վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ և ճանաչել ու դատապարտել անցյալում կատարած ոճիրը, մաքրել սեփական խիղճը և ազատվել դարավոր բեռից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը ներկաներին առաջարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել Համահայկական խորհուրդ, որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը: