ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Նախախորհրդարանի տարածած տեղեկատվությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկո ւ շաբաթ առաջ' օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան' նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:
«Տեղեկատվության առնչությամբ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. սեպտեմբերի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կայացված որոշումը' Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 66 շենքի 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Խչեյանին սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, բերման ենթարկելու մասին:
Որոշման պահանջներին ծանոթացնելու նպատակով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը սեպտեմբերի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում, այցելել է նշված հասցե, որտեղ Գ. Խչեյանի դուստրը տեղեկացրել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է:
Ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը Գ. Խչեյանի մահվան մասին տեղյակ չէր, ներողություն է խնդրել մահացածի աղջկանից, ցավակցել և նրա համաձայնությամբ կազմել է արձանագրություն' բնակարան այցելելու մասին:
Գ. Խչեյանի դուստրը՝ Տաթևիկ Խչեյանը, բացատրությամբ հայտնել է, որ նշված օրը իրենց բնակարան է այցելել ոստիկանության մի ծառայող, ով ներկայացել է որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ և հարցրել իր հոր' նշված հասցեում բնակվելու մասին:
Ինքը հայտնել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է, որից հետո ոստիկանը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել և հայտնել, որ բնակարան է այցելել' Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով Գ. Խչեյանին բերման ենթարկելու մասին կայացված որոշման հիման վրա: Այնուհետև տեսուչը բնակարան այցելելու մասին կազմել է համապատասխան արձանագրություն և հեռացել:
Աղջիկը բացատրությամբ նշել է նաև, որ ոստիկանության ծառայողի վարքագծն իրեն չի վիրավորել և չի ահաբեկել:
Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ՝ շրջանառված տեղեկատվության մեջ նշված փաստերը չեն հիմնավորվել, ուստի որոշում է կայացվել ծառայողական քննության նյութերը թողնել անհետևանք»,- նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: