Երևանում երեկ ավարտված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր է ընդունել: 


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռչակագրում նշված է.

 

«Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակ­ների շուրջ հայության համախմբմանը:


Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի.

  • Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջ­ընթացին և ապահովությանը,
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծմանը,
  • Սփյուռքի առավել կազմակերպմանը,
  • ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,
  • հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբմանը,
  • արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը:

Մենք` համաժողովի մասնակիցներս,

նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրավերները`

            հռչակում ենք

1. հետևյալ համազգային առաջնահերթությունները՝ որպես Հայաստան-Սփյուռք գործակ­ցության  գաղափարական հենք.

1.1  Հզոր և ապահով Հայաստանի կառուցում

Մենք  հաստատում ենք, որ միասնական ջանքերով  շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան՝ առավել  անվտանգ և հզոր դարձնելով այն:


Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, և Հայաստանի առջև ծառացած խնդիր­ների լուծումը, համահայկական ծրագրերի իրականացումը հնարավոր են միայն  հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողությունների ու հնարավորու­թյունների մեկտեղմամբ, քանզի Հայրենիքի զարգացման, անվտանգության համար պատասխանատվություն կրում է ամեն մի հայ` անկախ բնակության վայրից:


Հայաստանում աղքատության և արտագաղթի մակարդակի կրճատման կարևոր ճանա­պարհը պետական-վարչական, ընկերային և տնտեսական /գյուղատնտեսություն, զբոսա­շրջություն, առևտուր, սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդ­արդյու­նաբերություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, էներգետիկա, քաղաքա­շինություն և այլն/ բնագավառներում իրականացվող բարեփոխումների շարունակա­կանությունն է, գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների ծավալների ավելա­ցումը, աշխատա­տեղերի ստեղծումը, ավելի մեծ թվով սփյուռքահայե րի ներգրավումը տնտեսության մեջ  և նրանց շահ ստանալու համար պայմանների ապահովումը: 


Մեր միասնության գերխնդիրը պետք է լինի ապագա սերունդներին թողնել զարգացած և ժողովրդավարական, հզոր և ապահով Հայաստան:


1.2. Անկախ և անվտանգ Արցախ

Մենք հպարտ ենք Արցախում ապրող մեր ժողովրդի խիզախությամբ և տոկունությամբ:

Համաժողովրդական ազատագրական պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը 23 տարի շարունակ կառուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմնված միջազ­գային իրավունքի նորմերի և ժողովուրդների ազատ ինքնորոշման  սկզբունքի վրա:


ԼՂՀ ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը իրականացվել և իրականացվում  է նաև սփյուռքահայության նպատակային աջակցության շնորհիվ:


Մենք միասնաբար պայքարելու ենք` Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական-դիվանագիտական հարթության վրա լուծելու համար և սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային իրավունքի՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա:


Ողջ հայությունը հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է Ադրբեջանի ապակառու­ցողական քաղաքականության, ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումների, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգությունների և ռազմատենչ կեցվածքի դեմ:


Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանություններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության անկախությունը, ինչը վկայում է այդ իշխանությունների և ժողովուրդների արդար դիրքորոշման և բարի կամքի, ինչպես նաև տեղերում հայկական կառույցների նպա­տակային աշխատանքի մասին, որը պետք է ընդլայնվի և շարունակական դառնա:


Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյունը մեր պատմական Հայրենիքի մասն է, և նրա ճակատագիրը բախտորոշ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար, ուստի մեր պայքարը կշարունակվի մինչև ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի և վերջնական կարգավորումը:


1.3. Կազմակերպված Սփյուռք

Մենք՝ համայն հայության ներկայացուցիչներս, հաստատում ենք, որ հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ներկա հանգրվանին Սփյուռքը կարևորագույն  գործոն է թե\' հայ դատի պայքարին ավելի մեծ թափ հաղորդելու, թե\' Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմ ան համար:


Սփյուռքի կառույցներն ու կազմակերպություններն ազգային և համաշխարհային մարտա­հրավերների հաշվառմամբ պետք է վերատեսության ենթարկեն իրենց ծրագրերը, առավել մեծ թվով հայեր,  նորեկներ  ներգրավեն կառույցների աշխատանքներում:


Հայկական կառույցները Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի պետական և ոչ պետական  հաստատությունների հետ միասին ծրագրավորված պետք է`

 

  •  առաջադրեն նոր մոտեցումներ` վերանայելու Հայաստան- Սփյուռք ռազմավարությունը,
    • իրենց ջանքերը նպատակաուղղեն Սփյուռքի ուծացմանը դիմակայելու, լեզվամշակութային կորստի կանխմանը և Սփյուռքի նոր սերնդի մեջ հայկական ինքնության պահպանմանը,
    • հատուկ հոգածության արժանացնեն այն համայնքներին, որոնք դեռևս ամբողջովին կազմակերպված չեն,
    • օժանդակեն հայկական համայքների, համայնքային կառույցների շուրջ հայության համախմբմանը:

 Սփյուռքը, սփյուռքյան կազմակերպությունները  մի յուրօրինակ կամուրջ են  Հայաստանի և միջազգային հանրության միջև, ուստի և առավելագույնս պետք է նպաստեն ժողովուրդների և քաղաքակրթությունների երկխոսու­թյանը, խորացնեն և զարգացնեն Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի տարբեր հատվածների միջև գործակցությունը, ինչպես նաև ամրապնդեն տարբեր ժողովուրդներին պատկանող սփյուռքների հետ բարեկամական կապերը:


1.4. Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան

Մենք հանձնառու ենք՝ մայրենի լեզուն իր արևելահայ և արևմտահայ ճյուղերով`  որպես մեր լինելիության և գոյության գլխավոր հենասյուներից մեկը,  անաղարտ  պահելու, իրապաշտ և տրամաբանական մոտեցումով մերձեցնելու, զարգացնելու  և փոխանցելու սերունդներին:


Սփյուռքում հայապահպանությունը Հայաստանի Հանրապետության կենսական հիմնախնդիրներից է, որին տարբեր ձևաչափերով օժանդակում է  պետությունը՝ գործակցելով համահայկական կառույցների, հայկական կազմակերպությունների հետ, անընդհատ կատարելագործելով և զարգացնելով գործակցության կառուցակարգերը:


Մեր ամենօրյա հոգածության առարկան պետք է դառնան հայկական դպրոցներն ու մշակութային օջախները, մեր պատմական ժառանգության պահպանումը, հայ մտքի ստեղծագործ զարգացումը:


Մեր ջանքերը պետք է նպատակաուղղենք հայ ընտանիքի ամրապնդմանը, ավան-դույթների և սովորույթների, հայկական անունների և ազգանունների պահպանմանը,  հայ ընտանիքում, հայկական միջավայրում հայերենի գործածության ապահովմանը:


Մեր գլխավոր մտահոգություններից մեկն էլ այն պետք է դառնա, որ հայ երիտասարդը, Հայրենիքի վերացական գաղափարից բացի, կարողանա իրականում ճանաչել իր Մայր Հայրենիքը:


Մենք հստակ գիտակցում ենք, որ Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության անհրաժեշտ պայմաններն են, և դրանց  պահպանումը Հայոց պետության և սփյուռքյան կառույցների գերխնդիրն է:


1.5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը


Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում համակողմանի աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ ձևավորելով հսկայածավալ շարժում «Հիշում եմ և պահանջում…» կարգախոսով:

 

ՀՀ Նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին:


Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր պետություններին, հասարակական-քաղաքական գործիչներին, բարեգործներին, միսիոներներին, ովքեր ցեղասպանու­թյունից հետո  ապահով տանիք և խաղաղ պայմաններ ստեղծեցին հայության համար, ովքեր քաղաքական խիզախություն ունեցան` ասելու ճշմարտությունը հայ ժողովրդի ցեղասպանության մասին:


Առանձնակի շնորհակալ ենք նաև այն երկրներին ու միջազգային կազմակերպու­թյուններին, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն և պահանջում են Թուրքիայից ազատվելու այդ ծանր բեռից, առերեսվելու իր պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:


Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքի  նորմերը և 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիան` պայքարելու է յուրաքանչյուր հայի անհատական, համայնքային և համազգային  իրավունքների վերականգնման համար:


Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, որի ճանաչումն ու դատապարտումը չունի վաղեմության ժամկետ, և մեր պայքարն ուղղված է ոչ միայն պատմական արդարության վերականգնմանը, մի ամբողջ հայրենազրկված ժողովրդի իրավունքների ճանաչմանը, այլև այն բանին, որ`


  • ալևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի, և ոչ մի ժողովուրդ ցեղասպանության չենթարկվի,
  • Թուրքիան ճանաչի  և  զբաղվի հետևանքների վերացման հարցերով՝ կրելով  ոճիրի ողջ պատասխանատվությունը,
  • ցանկացած հայ` ծպտյալ կամ բռնի կրոնափոխված, կարողանա իրեն հայ հայտարարել` վերջ դնելով հոգեկան տառապանքներին:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում, և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով՝ հիշելով և պահանջելով:


1.6. Համախմբում Հայ եկեղեցու շուրջ

Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է և մնում է հայոց ոգու և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը, հավատքը և համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը, ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկների նախաձեռնողն ու իրագործողը:


Հայ եկեղեցին իր հոգևոր և ազգային առաքելությամբ դարերի ողջ ընթացքին  անգնահատելի ներդրում է բերել նաև ազգապահպանության նվիրական գործին և անփոխարինելի դերակատարություն ունի մեր պետության և աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած մեր ազգի պատմության մեջ: Աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը Հայ եկեղեցու շնորհիվ երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք կազմում են հայոց ինքնությունը:


Մենք կարևորում ենք հայ եկեղեցու ամրապնդումն ու հետագա զորացումը` հանուն հայ ոգու և ազգային ինքնության հարատևման, հայ եկեղեցու շուրջ ազգի  համախմբվածությունը:


1.7. Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգությունը

Աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաև հայ ժողովրդի զավակներին և նոր մարտահրավեր դառնում Հայաստանի Հանրապետու­թյան համար: Այսօր սիրիահայությունը ծանր օրեր է ապրում և պատերազմի հետևանքով արյունաքամ է լինում մեր մայր գաղութը, որի անդամների կեսից ավելին փախստական է դարձել, իսկ մյուս կեսը պատերազմական իրավիճակում ամեն օր կորուստներ է կրում:


Հայաստանում այսօր հաստատվել է ավելի քան հազարավոր սիրիահայ, և մենք գոհունա­կությամբ արձանագրում ենք, որ պետությունը ջանացել է ստեղծել պայմաններ նրանց մատչելի կրթության, առողջապահության, զբաղվածության ապահովման, վերապատրաստման ուղղությամբ:


Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներն իրենց նյութական և բարոյական օգնությամբ կանգնեցին սիրիահայերի, այդ թվում՝ քեսաբահայության կողքին:  


Մենք  վերահաստատում ենք, որ Հայոց պետությունն ու Սփյուռքը միասնաբար օգնության ձեռք պետք է մեկնեն արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուր հայորդու` օգնության ձևաչափն ու կառուցակարգերը քննարկելով  պետության և Հայ եկեղեցու հետ:


2. Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները՝ որպես համահայկական տեղեկատվական հսկայածավալ ցանց, ելնելով համազգային առաջնահերթություններից, այսուհետ ևս առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի ձեռքբերումների, ղարաբաղյան  հիմնախնդրի  վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկա տվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:


3. Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիմք է ծառայում, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության և այլ պետական գերատեսչությունների, համահայկական կառույցներն ու հայկական կազմակերպու­թյունները, հանձնառու լինեն` համապատասխան ձեռնարկներով և ծրագրերով իրականացնելու  հայտարարության գաղափարները և նախանշած խնդիրները:  


Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, հանուն անկախ ու հաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպված ՍՓՅՈՒՌՔԻ»: