Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին սեպտեմբերի 22-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Հստակ ժամկետները դեռևս ընտրված չեն: Համենայն դեպս, նախագահների այցելության համար հատուկ ծրագրեր պետք է լինեն: Սովորաբար նման այցելությունները երկկողմ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռեյիսին:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպել են 2013թ. օգոստոսի 5-ին' Թեհրանում: Իսկ Ռոհանիի' Հայաստան այցի հրավերը Իրանի նախագահին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը' այս տարվա մայիսին ԻԻՀ կատարած այցի ընթացքում:

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր' Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: