ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոմ» ընկերություններում:
Գործարանների տնօրենները տեղեկացրել են նախարարին, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով, առանց դժվարությունների: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ մթերումն իրականացվում է համաձայն գյուղացիների հետ կնքված պայմանագրերի, և գործարանները պատրաստ են մթերել խաղողագործների արտադրանքի ողջ ծավալը: Տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն, խաղողը գյուղացիներից մթերվում է կիլոգրամը 150 դրամով, նրանք նաև վստահեցրել են, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին:
Նախարարին նաև զեկուցվել է, որ ներկա դրությամբ Արարատի մարզում արդեն մթերվել է 44 հազար տոննա խաղող:
Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում խաղողի մթերման մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 5-ից, սակայն որոշ գործարաններում դեռևս չեն սկսվել մթերման աշխատանքները: Նախարարը հանձնարարել է Շահումյանի կոնյակի և Այգեզարդի գինու գործարանների ղեկավարներին առաջիկա երկու օրերի ընթացքում սկսել խաղողի մթերումները:
Նախարարի այցի վերջին կանգառն Այգեստանի Պռոշյանի կոնյակի գործարանն էր, ուր Սերգո Կարապետյանը հորդորել է մթերման սեզոնին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի գործարանն աշխատի շուրջօրյա, առանց ժամային սահմանափակումների, իսկ վճարումներն իրականացնեն ժամանակին:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում մարզում գործող ընկերությունների մթերած խաղողի ծավալները չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին