Արարատի մարզի խաղող մթերող գործարանները, հոկտեմբերի 1-ի տվյալներով, ընդհանուր առմամբ մթերել են ավելի քան 70 հազար տոննա խաղող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարզում գտնվող 19 խաղող մթերող գործարաններից այս տարի մթերում են իրականացնում 15-ը' սկսած 100 դրամից( «Շահումյան Վին» ՍՊԸ' մինչեւ 170 դրամ, «Վեդի Ալկո» ՍՊԸ-ն մթերումն իրականացվում է տարբեր գներով' կախված խաղողի տեսակից եւ որակից եւ այլն): Մարզի երեք գործարաններից յուրաքանչյուրում մթերվել է 10000 տոննայից ավելի խաղող: Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 14276 տոննա, Երեւանի կոնյակի, գինու, օղու կոմբինատը' 14 243 տոննա, Պռոշյանի կոնյակի գործարանը' 12 239 տոննա: Տերտերյանն ասաց, որ նշված ցուցանիշներին շուտով կմոտենա նաեւ Արարատի գինու գործարանը:

 

Վարչության պետն ասաց, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական մասնակցությամբ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել մթերող գործարանների տնօրենների հետ' փոխշահավետ մթերում կազմակերպելու նպատակով:

 

Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերվել է հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի, Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի, Արարատի գինու գործարանի, Պռոշյանի կոնյանի գործարանի, Երասխի գինու գործարանի կողմից' 1 կգ-ը սկսած 140 դրամից, առանձին տեսակները' 150 դրամ: Վարչության պետը նշեց, որ մթերող կազմակերպություններն արտադրողին գումարները տրամադրել են նշված ժամկետներում' տասն օրվա ընթացքում:

 

Լիլիթ Մաճկալյան