Արարատի մարզում 2014 թվականին արտադրվել է 340 հազար 193 տոննա բանջարեղեն' նախորդ տարվա մակարդակը գերազանցելով շուրջ 35 հազար տոննայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, բանջարեղենի ցանքատարածությունները նախորդ տարի կազմել են 6 հազար 539 հա: 2013 թվականի համեմատ ավելի է մշակվել 234 հա:

 

Կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 780 հա. պահպանվել է 2013 թվականի մակարդակը: Նախորդ տարի մարզում արտադրվել է 25 հազար 781 տոննա կարտոֆիլ' 2013 թվականի արդյունքը գերազանցելով շուրջ 2 տոննայով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարտոֆիլը բնակիչների սննդակարգում ունի առանցքային նշանակություն' մարզի ղեկավարությունն ուշադրությունը սեւեռել է անկորուստ բերքահավաքի վրա»,-ասաց Տերտերյանը' ընդգծելով, որ նույն մակերեսով ցանքատարածություններում համեմատաբար առատ կարտոֆիլի բերքի ստացումը պայմանավորված է ՀՀ կառավարության տրամադրած ազատական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով հողատարածքները պարարտացնելով:

 

Բանջարեղենի եւ պտղի վերամաշակման ձեռնարկությունները մարզի տարածքում չորսն են, որոնք կարողացել են մթերել հողօգտագործողների բերքը:

 

Արարատի մարզում առկա 25 հազար 465 հա վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22 հազար 982 հա-ն: Նախորդ տարվա համեմատ ավելի է մշակվել 1 456 հա: 2013 թվականին մշակված վարելահողերը 21 հազար 526 հա են եղել, 2012 թվականին' 21 հազար 146 հա:

 

 

Լիլիթ Մաճկալյան