Այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա է սկսվել Արարատի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 2000 գյուղացի, ովքեր Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում են, որ ինչ որ ֆուռատերեր, գյուղացիներին դնելով ստրուկի տեղ, փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները հայտնում էին, որ օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել է գյուղեր և խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գյուղացու աճեցրած միրգը ինչ որ արտոնյալներ ստիպողաբար ջրի գնով չգնեն: Մինչդեռ գյուղնախարարի այցից հետո գինն ավելի իջավ: Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու կառավարության առջև: Ըստ գյուղացիների՝ նրանց առաջարկած գնով նույնիսկ չեն կարող մարել ոռոգման ջրի պարտքը: Ֆուռատերերը տեսնելով գյուղացիների զայրույթը՝ իրենց հետ բերած փայտյա արկղերը թողել և ճողոպրել են: Գյուղացիները հայտնում էին նաև, որ այսօր առավոտյան ժամը 8-ին իրենց խոստացել էր, որ կհանդիպի Արարատի փոխմարզպետը, սակայն «երևի դեռ անկողնում աչքերը կպած ա», ասում էին գյուղացիները: