Ողջաբերդի բնակիչները կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով, որ լուծվի իրենց սողանքային գոտում գտնվող տների համար փոխհատուցում տալու հարցը: Թեև ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ հարցն իր վերահսկողության տակ է և բնակիչներին մինչև ամսի 20-ը պատասխան կտրվի, սակայն վերջիններս կրկին բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանց նաև վրդովվեցրել է մարզպետի հայտարարությունը, թե բողոքի ակցիան սաբոտաժ է և անմիջական կապ ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ։
«Աբսուրդի, մառազմի աստիճանի է մեր մարզպետի ասածը։ Ինչքան Արարատի մարզում կոկորդիլոսներ կթռչեն, էնքան մենք Քոչարյանի համար ակցիա կանենք։ Մենք բացարձակ կապ չունենք դրա հետ։ Մեր պահանջը բոլորովին այլ է։ Մարզպետը պետք է անհանգստա իր գյուղի բնակչի անվտանգ ապրելու համար, մեր ուզածն ընդամենն այն է, որ մեր պահանջը հասցնի վարչապետին։ Մենք վստահ ենք, որ մեզ համար հույժ կարևոր խնդրի մասին վարչապետը չգիտի»,- ասում են ողջաբերդցիները։
Ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետն ասել էր․ «Ես միտում եմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի և այս բողոքի ակցիայի միջև․ ինչպես դատարանի դիմաց է դրամատիկական զարգացումներ տեղի ունենում, նույն տրամաբանության մեջ էլ ակցիան է։ Քոչարյանի դատավարությանը զուգընթաց տեղի է ունենում քաղաքական սաբոտաժ, քանի որ Քոչարյանը նախկին համակարգի ներկայացուցիչներ ունի մեր սոցիումի տարբեր շերտերում, որոնք կարող են դժգոհության ֆոն ստեղծել՝ բողոքի ակցիաները թեժացնելով տարբեր համայնքներում»,-մեզ հետ զրույցում ասել էր Ռոմանոս Պետրոսյանը։