Արարատի մարզում պետբյուջեի միջոցներով, 2014 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել կրթական օբյեկտների 18 ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, 13 դպրոցներում կիրականացվեն վերանորոգում, ներքին հարդարման աշխատանքներ, որոնց համար պ ետբյուջեից հատկացվել է 210 մլն 500 հազար դրամ: Մարզի Վերին Դվին, Զորակ, Ոսկետափ, Փոքր Վեդի եւ Նոր Ուղի համայնքների դպրոցներում կիրականացվի գազաֆիկացման, պատուհանների եւ դռների փոխարինման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Հիշյալ հինգ դպրոցների աշխատանքները կիրականացվեն 90 մլն դրամով: Արտաշատի թիվ 4 դպրոցում 19 մլն 300 հազար դրամով կկատարվեն տանիքի վերանորոգման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ին եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը:
2013 թվականի ընթացքում Արարատի մարզում 17 դպրոցների եւ ութ մանկապարտեզների հրատապ խնդիրների լուծման համար տրամադրվել է շուրջ 544 մլն դրամ: Վեց դպրոցներում կառուցվել է լոկալ ջեռուցման համակարգ' մարզում գազով ջեռուցվող դպրոցների թիվը հասցնելով 76-ի: Հինգ դպրոցներում փոփոխվել են պատուհանները, երեք դպրոցներում վերանոգվել տանիքները: Տարբեր բնույթի աշխատանքներ են իրականացվել ութ մանկապարտեզներում, որոնցից չորսում կառուցվել է ջեռուցման համակարգ: Ավարտվել է Այնթապ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցումը եւ բակի բարեկարգումը: