Կառավարությունը 128 միլիոն 439 հազար դրամ է հատկացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին Լոռու և Տավուշի մարզի մի շարք պատմամշակութային օբյեկտների վերականգման, ամրակայման և պեղումներ կատարելու համար: Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամրակայման և վերականգման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդում, Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցում, Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցում, կից կառույցներում և այլն:
ՀՀ վարչապետը ընդգծեց' Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել՝ կարևորելով ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը:
«Նախորդ տարվանից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Խոսքն այս դեպքում ամրոցների և բերդերի մասին է: Ցավոք, այնպես է ստացվել, որ մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական և պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք, բայց այդ հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանք, ըստ էության, շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգնման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել: Այս առումով մենք պետք է առանձնակի կարևորություն տանք այս ուղղությանը՝ իհարկե, նման վերաբերմունք ցույց տալով նաև պատմամշակութային մյուս հուշարձաններին»,- եզրափակեց Փաշինյանը: