Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության համար 2017 թվականին պետական բյուջեի միջոցներով եւ «Համաշխարհային բանկի» ծրագրերով նախատեսված է իրականացնել 2 միլիարդ 982 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, պետական բյուջեի միջոցներից 1 միլիարդ 328 միլիոն դրամ հատկացվել է Երեւան-Սեւան-Դիլիջան միջպետական նշանակության ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:«Նախատեսված է 13 կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգում՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանաբաժանից մինչեւ պետավտոտեսչության կետ եւ նույն տեղի հյուսիսային կողմից մինչեւ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտ: 60 միլիոն դրամի ներդրմամբ նախատեսվում է հիմնանորոգել մայրուղուց Ծովագյուղ մտնող 600 մետր երկարության ճանապարհը, 98 միլիոն դրամի ներդրմամբ իրականացնել Շորժայի հատվածում Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով մոտ 200 մետր երկարությամբ վնասված ճանապարհահատվածի հենապատի կառուցումը»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Տարվա ընթացքում ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա ընթացքում:898 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ , 455 միլիոն դրամի՝ Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային նշանակության ճանապարհին, 143 միլիոն դրամի աշխատանքներ՝ Մարտունի -Վարդենիս միջպետական ճանապարհի Զոլաքար-Վարդենիկ հատվածում:«Երեւան-Սեւան-Դիլիջան եւ մայրուղի-Ծովագյուղ ճանապարհների շինարարության մրցույթները կկայանան այս ամսվա ընթացքում, իսկ Շորժայի վնասված ճանապարհի հենապատի կառուցման շինարարն արդեն ընտրված է:Ամենայն հավանականությամբ, հուլիսի սկզբներից բոլոր տեղերում կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը, իսկ ահա «Համաշխարհային բանկի» ծրագրերով նախատեսված աշխատանքներն ընթանում են ավելի քան երկու ամիս»-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը: