ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է լրացում կատարել Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։
Նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից սկսած մտցվել են արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաեւ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը: Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ:
«Մասնավորապես, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաեւ բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը եւ դրա համար իրավական հետեւանքը:
Միաժամանակ, նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում արդյունավետ վարչական վարույթի իրականացումը նյութաիրավական նորմերի հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության կարգում: Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած մինչեւ համապատասխան իրավական հետեւանքի առաջացումը ընկած ժամանակահատվածը հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար»,-նշված է հիմնավորման մեջ։