Ում էլ մեղադրենք, ինչքան էլ մեղադրենք, ամեն դեպքում, մեր սահմանի մասին մտածողը միայն մենք ենք: Այսօր զինվորական հերթափոխության օրն էր, մենք չցանկացանք հերթափոխությանը խանգարել, այդ պատճառով ճանապարհը բացեցինք՝ իշխանությանը տալով ժամանակ մինչև շաբաթ օրը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Վերջինս նշեց, որ իշխանությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում 8000 բնակչություն ունեցող իրենց համայնքին. «Այստեղ շատ են զոհված զինծառայողների ծնողներ, պատերազմի մասնակիցներ, վիրավորներ, սակայն ոչ մեկ չի արձագանքում իրենց խնդիրներին: Մենք անտեսված ենք ղեկավարության կողմից: Ժողովրդի մոտ արդեն հիասթափություն է առաջանում, և մարդիկ մտածում են քոչելու մասին, իսկ ես չեմ ցանկանում, որ այստեղից մարդկանց արտահոսք սկսի. մենք գերեզմաններ ունենք այստեղ, տներ, մեկ անգամ այստեղից փախստական ենք եղել, երկրորդ անգամ՝ չեմ ուզում»,- ընդգծեց համայնքապետը:
Նա ասաց՝ եթե իշխանությունը մինչև շաբաթ օրը չարձագանքի, ապա մյուս օրը ավելի մեծ բողոքի ակցիա են անելու. «Իշխանության անտարբեր վերաբերմունքի պատճառով է, որ այսօր թուրքը որտեղ ուզում՝ գալիս նստում է: Իրենք դիտավորյալ թուլացնում են սահմանները: Այսօր մենք իշխանությանը ևս մեկ շանս տվեցինք, որ մտածի՝ իրավունք ո՞ւնի 8000 բնակչի արհամարհի, թե՞ պարտավոր է հաշվի նստել բնակիչների հետ»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը՝ հավելելով՝ եթե վաղը արձագանք չեղավ, կհամարեն, որ չունեն իշխանություն:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Պատճառը համայնքների խոշորացման մասին որոշումն էր, ինչին բնակիչները դեմ են:
Զվարթ Պետրոսյան