Արարատի մարզից այս տարի իրականացվել է շուրջ 23 հազար տոննա ծիրանի սպառում, որից 550 տոննան մթերել են մարզի երեք գործարանները, 8400 տոննան' սառնարանային տնտեսությունները, իսկ 14 հազար տոննան սպառվել է ներքին շուկայում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 220 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը' 250 տ եւ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն' 100 տոննա: Մթերումն իրականացվում է 60 դրամով:

 

«Արդեն երեք շաբաթից ավելի է սառնարանային տնտեսությունների միջոցով ծիրանը մթերվում է արտերկիր: Սկզբում մթերումն իրականացվում էր 1500 դրամով, այժմ սակագինը նվազել է' հասնելով 300-ի»,-ասաց վարչության պետը' նշելով, որ այս տարի սպասվում է, որ Արարատի մարզում կարտադրվի շուրջ 40 հազար տոննա ծիրան: «Այդ շեմը մարզն ապահովել է նաեւ 2013 թվականին: Իսկ նախորդ տարի բոլորիս հայտնի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռեւս ծաղկի շրջանում»,-նկատեց Տերտերյանը:

 

Այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակում Արարատի մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի միայն 20 տոկոսը' ազդելով միայն ապրանքային տեսքի վրա:

 

Այս պահի դրությամբ մարզից արտահանվել է նաեւ 50 տոննա վաղահաս դեղձ: