Արարատի մարզում ավարտվել է ցորենի եւ գարու բերքահավաքը: Օպերատիվ տվյալներով, հավաքվել է շուրջ 22600 տոննա ցորեն եւ 3400 տոննա գարի: Միջին բերքատվությունը կազմել է, համապատասխանաբար, 44 եւ 40 ց/հա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014 թվականին կազմել են 6558 հա, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 1032 հեկտարով: Տերտերյանն ընդգծեց, որ ցորենի ցանքատարածությունները մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են 941 հեկտարով, գարու ցանքատարածությունները' 41 հեկտարով, այլ հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքերը' 50 հեկտարով:

 

Ըստ կանխատեսումների, հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքի ծավալները 2014 թվականին կկազմի 29-30 հազար տոննա' նախորդ տարվա ծավալը գերազանցելով 6-7 հազար տոննայով:

 

Արարատի մարզում առկա 25465 հա վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտարը: Նախորդ տարվա համեմատ ավելի է մշակվել 1456 հեկտար: 2013 թվականին մշակված վարելահողերը 21526 հա էին, 2012թվականին' 21146 հա:

 

 

Լիլիթ Մաճկալյան