Նախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալներով Արարատի մարզում առկա է 58 հազար 057 գլուխ խոշոր եղջերավոր եւ 132 հազար 428 գլուխ մանր եղջերավոր անասուն, 28 հազար 720 գլուխ խոզ, 413 հազար 992 թռչուն, 13 հազար 550 մեղվաընտանիք:
Նախորդ տարվա ընթացքում մարզում 819 հազար 810 գլուխ կենդանիների շրջանում անցկացվել է ախտորոշիչ-կանխարգելիչ միջոցառում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, տարվա ընթացքում իրականացվել են նախատեսված բոլոր հակահամաճարակային միջոցառումները, եւ պատվաստումները 17 անուն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ ' բրուցելիոզ, տուբերկուլիզացիա, խշխշան պալար, դաբաղ, սիբիրախտ, բրոդզոդ (աղիքային հիվանդություն), ժանտախտ եւ այլն: Պլանավորված է, որ որոշ հիվանդությունների դեմ պատ վաստումները կատարվեն մի քանի անգամ:
Վարչության պետն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում մարզի երեք տարածաշրջանների բուսասանիտարիայի աշխատակիցների կողմից մարզի տարածքում 26 հազար 900 հեկտար վրա անցկացվել է կարանտինային հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքար, որը եւս իր դրական արդյունքն է տվել: Մարզում չեն գրանցվել բույսերի համաճարակներ, եւ նվազագույնի է հասցվել կրծողների վնասը:
Հիշյալ միջոցառումներն իրականացվում են ՀՀ գյուղնախարարության Անասանաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության ու բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի Արարատի մարզային կառույցի միջոցով' պետբյուջեի ֆինանսավորմամբ: Կենտրոնի կազմում ընդգրված են 61 համայնքային անասնաբույժ, երեք տարածքային համաճարակաբան, գլխավոր անասնաբույժ եւ երեք տարածքային բուսասանիտար-գյուղատնտես:
Լիլիթ Մաճկալյան