Արարատի մարզում հայտնաբերվել են բրուցելիոզով հիվանդ 134 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որոմցից մորթվել են 126-ը: Հայտնաբերվել են նաեւ բրուցելիոզով վարակված 429 գլուխ մանր եղջերավոր անասուններ, որոնցից սպանդի են ենթարկվել 426-ը: Մոտ օրերս կմորթվեն նաեւ մնացած երեքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ըստ պլանի նախատեսված է ստուգել 21523 խոշոր եղջերավոր անասուն: Հունիսի 16-ի դրությամբ արյուն է վերցվել17958 անասունից' ստուգման համար նախատեսվածի 84 տոկոսից: Մարզում առկա մանր եղջերավոր անասուններից նախատեսվում է ուսումնասիրել 56145 գլուխը: Այս պահին ուսումնասիրվել է 10537-ը, որը կազմում է ուսումնասիրման համար նախատեսվածի 19 տոկոսը:

 

Տերտերյանը նշեց, որ վերջին տվյալներով ահազանգ է ստացվել Նորաշեն համայնքից' երկու անասնատերերի բլուցելիոզով հիվանդ լինելու մասին: Երկրորդ ստուգմամբ մեկի հիվանդությունը հերքվել է, իսկ մյուսը կստուգվի երկրորդ անգամ:

 

Արարատի մարզում առկա են 88819 գլուխ մանր եղջերավոր եւ 46376 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 17721-ը կովեր են: Բրուցելիոզ հիվանդությունն այս պահի դրությամբ մարզում վերահսկելի է:

 

Վարչության պետը նշեց, որ արված են բոլոր նախատեսված հակահամաճարակային միջոցառումները եւ մինչ տարեվերջ պարբերաբար կիրականացվեն պատվաստումները 17 անուն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ' բրուցելիոզ, տուբերկուլիզացիա, խշխշան պալար, դաբաղ, սիբիրախտ, բրոդզոդ (աղիքային հիվանդություն), ժանտախտ, մեղուների վարյատոզ եւ այլն: Ըստ պլանի նախատեսվում է, որ որոշ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարվ են մի քանի անգամ: Հիշյալ միջոցառումներն իրականացվում են ՀՀ գյուղնախարարության Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության ու բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող ՊՈԱԿ-ի Արարատի մարզային կառույցի միջոցով' պետբյուջեի շրջանակներում:



Լիլիթ Մաճկալյան