«Քիչ առաջ հանգցրինք կրակն ու տուն մտա, ամբողջ գյուղը դեպքի վայրում էր: Չեմ կարող ասել, թե հստակ ինչից է բռնկվել հրդեհը, բայց մի բան ակնհայտ է՝ վնասի չափը բավականին մեծ է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը՝ անդրադառնալով համայնքի անասնաֆերմայում քիչ առաջ բռնկված խոշոր հրդեհին:

Համայնքապետի խոսքով՝ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին և, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է հոսանքի լարերի կարճ միացումից:

Այն հարցին, թե ընդհանուր վնասի չափը որքան է կազմում, համայնքապետ Կարեն Դարբինյանը նշեց. «Մոտ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն «վարի է գնացել», միայն դա շուրջ 25.000 դոլլար կկազմի ամենաքիչը, չհաշված ահռելի անասնաֆերման՝ 70 մետր երկարությամբ ու 20 մետր լայնքով, որի մեջ էր անասունների ողջ խոտը՝ կերը»:

Իսկ թե հնարավո՞ր է՝ դիտավորյալ վառած լինեն, համայնքապետը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ֆերմայի տերը բավականին լավ ու հարգված մարդ է.«Դժվար՝ թշնամիներ ունենար, ես բացառում եմ այդ տարբերակը»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ