Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 AF 194 համարանիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորոմւթյամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Էվինյանն ու Կ. Հարությունյանը, և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչ Հարություն Թորոսյանը, տեսուչներ Հակոբ Հովհաննիսյանն ու Գեղամ Մովսիսյանը, որպեսզի նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը կարողանա դեպքի վայրի տեղազննություն կատարի, քանի որ հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենաները կայանել վթարի վայրի հարևանությամբ, ինչն էլ ստեղծում է խցանում, սակայն, տեսնելով ճանապարհայյն ոստիկաններին, հետաքրքրասերները հեռանում են վթարի վայրից։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանւթյան Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարուքյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրի մոտով անցնում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով կանգնեց, ոստիկաններից հետաքրրքվեց վիրավորների որպիսությամբ և հայտնեց՝ եթե կարիք կա փրկարարների, տղաները կարող են մոտենալ։ Ոստիկանները նախարարին զեկուցեցին, որ փրկարարները նշված վթարում գործողություններ չունեն անելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: