Վիեննայում սեպտեմբերի 19-ին և 21-ին տեղի են ունեցել տոնական միջոցառումներ' նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 19-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Սան Սուսի» պալատի հանդիսությունների սրահում, ուր ընթանում էր Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսը՝ հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսի ուղեկցությամբ, Վիեննայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:
Ընդունելությանը մասնակցել են Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, Ավստրիայի Ազգային խորհրդի 2-րդ նախագահ Կարլհայնց Կոպֆը, խորհրդարանի զույգ պալատների՝ Ազգային խորհրդի և Դաշնային խորհրդի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային խորհրդարանի 2-րդ նախագահ Յոհան Հերցոգը, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում հավատարմագրված երկկողմ և բազմակողմ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի տնտեսական, հասարակական -քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ:
Ներկաների առջև ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրել է ՀՀ 23 տարիների անցած ուղին:
Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին' դեսպանն անդրադարձել է վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի' 2012թ. հունիսին Հայաստան և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' 2014թ. հունիսին Ավստրիա կատարած պաշտոնական այցերի կարևորությունը:
Սեպտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ավստրիահայ համայնքի առջև բացել էր դեսպանության և հարակից նորակառույց «Հայաստան» կենտրոնի դռները՝ միասնաբար նշելու Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը:
«Հայաստան» կենտրոնի նորաբաց սրահում տեղի ունեցավ Ավստրիայում բնակվող և ուսանող հայ սկսնակ և երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ համերգ:
Համերգին զուգահեռ' «Հայաստան» կենտրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Սողոմոնյանի գեղանկարների ցուցահանդեսը: