Ստրասբուրգում' Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը սեպտեմբերի 22-ին կազմակերպել է ընդունելություն' Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծել է, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով, և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:
Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն, այլ պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:
Ընդունելությանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: