Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 19-ին կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ինդոնեզիայի կառավարությունը պաշտոնապես ներկայացված էր ի դեմս Գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մուհամադ Նասիրի: Միջոցառմանը ներկա մոտ 300 հյուրերի թվում էին Ինդոնեզիայի օմբուդսմենը, գործադիր և օրենսդիր մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ինդոնեզիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական, մշակութային և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դեսպան Աննա Աղաջանյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց անկախ Հայաստանի անցած տարիների հիմնական ձեռքբերումները՝ շեշտելով երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան: Դեսպանը նաև ընդգծեց, որ այս միջոցառմամբ նշվում է ոչ միայն Հայաստանի անկախության 26-ամյակը, այլև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Ինդոնեզիայի Գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մուհամադ Նասիրն իր ելույթում նշեց, որ Ինդոնեզիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունը դիտակում է որպես բարեկամ երկիր և պատրաստակամ է էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների:
Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին ՀՀ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող տեսաշարեր, հնչեցին հայ երգահանների ստեղծագործություններ: Միջոցառմանը ելույթ ունեցավ Սինգապուրում բնակվող օպերային երգչուհի Գայանե Վարդանյանը: