Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում մայիսի 28-ին կազմակերպվեց Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Սոֆիայում գործող բուլղարահայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Օրվա առիթով շնորհավորական խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հարյուր տարի առաջ, մայիսյան այս օրերին, հայ ժողովուրդը դժվարին հաղթանակներ տարավ թուրքական զորքերի դեմ մղված հերոսական մարտերում: Տոնելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթանակները՝ 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետությունը և դարավոր ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը: «Հիշելով մեր պատմության հերոսական էջերը՝ մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան»,- նշեց դեսպանը:
Դեսպան Սարգսյանն անդրադարձավ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին՝ կարևորերով Հայաստանի տնտեսական զարգացմանն ու միջազգային ասպարեզում երկրի դերի բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Ընգծվեց նաև Հայաստան-Սփյուրռք կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես, բուլղարահայ համայնքային կառույցների և անհատների գործունեության ակտիվացումը՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճմանը:
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկացրեցին Բուլղարիայի տարբեր հայաշատ համայնքներում համատեղ համագործակցությամբ իրականացվող Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումների մասին: Քննարկվեցին տարվա ընթացքում նախատեսված միջոցառումները պատշաճ կերպով անցկացման հետ կապված հարցեր: