Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյի «Սոֆիզա» բանկի մեծ սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Բրազիլիայի դաշնային և նահանգային խորհրդարանների անդամներ, քաղաքապետարանի, դիվանագիտական մարմնի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Պատվո գլխավոր հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի պատվիրակ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, լրագրողներ:
Նահանգային կառավարության զինվորական նվագախումբը կատարեց Հայաստանի և Բրազիլիայի պետական օրհներգերը և սրահ բերվեցին երկու երկրների պետական դրոշները: Ելույթներով հանդես եկան հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, քաղաքային կառավարության անդամ Ֆրանսիսկո Բոսկոլոն և Վահագն Աթաբեկյանը, որոնք ընդգծեցին Անկախության դերը' որպես ազգային վերածննդի կարևորագույն գործոն, նշեցին Հայաստանի ձեռքբերումները անցած 22 տարիների ընթացքում:
Գեղարվեստական բաժնում հայկական պարարվեստը ներկայացրեց Տիրուհի Բուրմայանի հովանավորությամբ վերջերս ստեղծված բրազիլական «Էրեբունի» պարային խումբը, ցուցադրվեց Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալկմինի կողմից միջոցառմանը հատուկ տրամադրված լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև' Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ: