Սիրիայի տարածքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հետ օդային հարվածներին մասնակցել են 5 արաբական երկրներ՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քաթարը գործողությունների ժամանակ միայն օժանդակող դեր է կատարել:
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը և համախոհ երկրների ուժերը Սիրիայում ռազմական գործողություններ կսկսեն ԻԼԻՊ-ի դեմ՝ օգտագործելով տարբեր տեսակի կործանիչներ, ռմբակոծիչներ և հրթիռներ:
ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը չեն մասնակցել օդային հարվածներին: Մեծ Բրիտանիան նույնպես հայտարարել է, որ չի մասնակցել ռազմական գործողություններին:
ԱՄՆ-ը և դաշնակից երկրները սեպտեմբերի 23-ին մոտ 50 հարված են հասցել Ռակկայի և Դեր Զորի ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ օդային հարվածների հետևանքով ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել: