Սեպտեմբերի 24-ին 5 նոր հարվածներ են ուղղվել սիրիա-իրաքյան սահմանի մերձակայքում ԻԼԻՊ խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մասնավորապես ռմբակոծվել են Բուքմալ գյուղաքաղաքը և մերձակա շրջանները: Զոհերի և պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Դեռևս հստակ չէ, թե օդային ռմբակոծությունն ում կողմից է իրականացվել:

 

ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն է հարվածներն ուղղել ԻԼԻՊ-ի, ինչպես նաև «Ալ Կաիդա»-ի և նրա հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» և «Խորասան» խմբավորումների վրա: ԱՄՆ հատուկ ծառայությունները պարզել են, որ «Խորասան» խմբավորումը, որը կազմավորվել է «Ալ Կաիդա»-ի անդամներից և սերտ կապերի մեջ է «Ջաբհա ան Նուսրա»-ի հետ, ահաբեկչություններ է պատրաստել ԱՄՆ-ի դեմ: Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի օդային հարվածներն ուղղվել են նաև խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ավելի քան 40 հրթիռներ են արձակվել:

 

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են ուղղել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, ռմբակոծիչներ, հրթիռներ: