Էբոլա վիրուսով պայմանավորված համաճարակն Աֆրիկայում կշարունակվի առնվազն մինչեւ 2015 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել է Եվրահանձնաժողովը:

 

«Մինչեւ տարեվերջ միակ հույսը, որ մենք ունենք, այն է, որ ջանանք կայունացնել համաճարակի տարածումը, բայց դա կհաջողվի անել միայն իրադարձությունների օպտիմալ զարգացման դեպքում»,- հայտարարել է ԵՀ-ի հումանիտար օգնության հարցերով գլխավոր տնօրենության ղեկավար Ֆիլիպ Մոգանը:

 

Եվրահանձնաժողովը տարեսկզբից իր բյուջեից 150 մլն եվրո է հատկացրել հիվանդության դեմ պայքարելու համար: ԵՄ-ի պետությունները երկկողմ մակարդակով եւս 78 մլն եվրո են տրամադրել Աֆրիկայի պետություններին:

 

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակը մոլեգնում է արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Վարակման առանձին դեպքեր են գրանցվել Սենեգալում ու Նիգերիայում: Ընդամենն այս տարվա փետրվարից Էբոլա վիրուսով վարակվել է ավելի քան 5,8 հազար մարդ: Վտանգավոր այդ հիվանդության զոհերի թիվը գերազանցել է 2,8 հազարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: