ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց Քաղաքաշինության և Կապի և տրանսպորտի նախարարություններում Վերահսկիչ պալատի 2013 թվականին արված ուսումնասիրության արդյունքները:
ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանն առաջինը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում արված ուսումնասիրության արդյունքները:
Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ 2008 թվականից Վերահսկիչ Պալատը մշտապես խոսել է շինարարության բնագավառում բարձր տոկոսներով ծավալային հավելագրումների մասին և ներկայացրեց աղյուսակ, որտեղ 2008 թվականից մինչև 2013 թվականն ամբողջ տեղաշարժը երևում է:
«Տեսեք, 2008 թվականին Քաղաքաշինության նախարարությունում 930 մլն դրամ ծավալ է ստուգվել, մարզպետարանում 739, և այդպես, ըստ տարիների, տվել ենք ամբողջ դինամիկան: 2013 թվականին մենք ընդամենը մարզպետարաններում ունենք 0.2 տոկոս ծավալային հավելագրում, Քաղաքաշինության նախարարությունում և սոցիալական հիմնադրամում՝ չունենք: Սա իհարկե շատ լավ երևույթ է: Շատ կտրուկ նաև նվազումներ կան Տրանսպորտի նախարարության բնագավառում, ծավալային հավելագրումները, որպես արատավոր երևույթ, մենք բազմաթիվ տեղեր ընտրանքային կարգով ստուգել ենք, և պատկերը հիմնականում սա է»,- ասաց ՎՊ նախագահը և հավելեց, որ այս ամենի կողքին, իհարկե, կան նաև խնդիրներ: