Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հանդիպմանը ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հարցում առանցքային դեր է խաղում խորհրդարանական դիվանագիտությունը՝ այս առումով մասնավորապես կարևորելով բարեկամության խմբերի դերն ու նշանակությունը:
Նա իր գոհունակությունն է հայտնել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով է'լ ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու առումով:
Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը չեխ գործընկերոջն առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները Չեխիայի խորհրդարանում հարցը բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման իր որդեգրած սկզբունքին: Նա ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը, ինչի անխուսափելի լինելը վերահաստատվեց Շոտլանդիայի հանրաքվեով:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին: