Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Նախագահները շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի' շեշտադրելով էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը: Կողմերը մասնավորապես խոսել են «Թուրքական հոսք»-ի մասին:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» հարցում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում:

 

Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի թաթարների հարցը: