Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց Հայաստանի Հանրապետության և Իտալիայի կառավարության միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը, որով նախատեսվում է իտալական ստորաբաժանումների կազմում հայկական խաղաղապահ զորագունդ ուղարկել Լիբանան: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին համաձայնագիրը դրական եզրակացությամբ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուն:
Ներկայացնելով համաձայնագրի մանրամասները՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ընդգծեց, որ նախատեսվում է իտալական ստորաբաժանումների կազմում 30 հոգանոց զինծառայողներից և 2 սպաներից բաղկացած խաղաղապահ զստորաբաժանում ուղարկել Լիբանան: «Ֆինանսական պարտավորությունները հոգալու է ՄԱԿ-ը: Իսկ իտալական կողմը հայկական զորախմբին կաջակցի ռազմական կեցության և սննդի առումով: Եթե հայ զինծառայողներից որևէ մեկը հիվանդանա, նա անվճար բուժօգնություն կստանա տեղի իտալական բուժհաստատություններում, իսկ եթե հնարավոր չլինի տեղում կազմակերպել բուժումը, ապա այդ դեպքում բոլոր ծախսերը հոգալու է հայկական կողմը: Իտալական կողմը նաև կհոգա հայկական զորախմբի որևէ վայր տեղափոխման և հետդարձի ծախսերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Նազարյանը՝ առաջարկելով դրական եզրակացություն տալ նախագծին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կողմ արտահայտվեց համաձայնագրին՝ ընդգծելով, որ ողջունում և կարևորում է նախաձեռնությունը: «Նման նախաձեռնություններն իսկապես ողջունելի են: Ես ողջունում եմ համաձայնագիրը և կողմ եմ քվեարկելու»,- նշեց նա:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս ընդգծեց համաձայնագրի կարևորությունը և առաջարկեց դրական եզրակացությամբ այն ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ: