Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ՀՀ Աժ նիստում տրված երդումով:
Ալվինա Գյուլումյանը հանդես է եկել երդման տեքստով, որում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը' Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ալվինա Գյուլումյանին եւ հաջողություններ մաղթել նրան:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:
Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակորեն առանձնացնել սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերը, եւ բացի հարկային արտոնություններից, տալ նաեւ որոշակի սոցիալ-տնտեսական աջակցություն:
Արայիկ Հովհաննիսյանը կարեւորել է օրենքի նախագիծը' նշելով որ, սահմանամերձ շրջանները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում, ըստ պատգամավորի, նախագահի, վարչապետի, պատգամավորների հաճախակի այցերը սահմանամերձ շրջաններ:
Կորյուն Նահապետյանը ողջունել է սահմանամերձ համայանքներին հարկային արտոնություններ տալու կառավարության նախաձեռնությունը: Նա առավել կարեւորել է նախաձեռնությունը երկրի պաշտպանության եւ անվտանգության համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը, քանի որ ըստ նրա' այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն:
Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը' նա նշել է, որ օրենքի նախագծով ամբողջությամբ չեն լուծվում սահմանամերձ համայնքների խնդիրները:
Հրանտ Բագրատյանը նկատել է, որ թեեւ օրենքի նախագծի որոշ դրույթներ ընդունելի է համարում, սակայն խնդիրն, ըստ նրա, կարելի էր լուծել կառավարության որոշումով:
Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում մատուցվող ծառայություններին' պատգամավորը նշել է, որ պետք է դրանց գները իջեցնել:
Ըստ Գուրգեն Արսենյանի՝ հարկային արտոնություններն անհրաժեշտ է դարձնել հասցեական: Պատգամավորն ընդհանուր առմամբ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը դրական է գնահատել:
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել ակտիվ եւ շահագրգիռ քննարկումներ, ինչն օրինաչափ է: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հրաշալի է, որ սահմանամերձ համայնքների թեման հատուկ վերաբերմունքի է արժանացել ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ելնելով ազգային անվտանգության սպառնալիքից , կարիք կա առավել նախաձեռնողական եւ ակտիվ վերաբերմունք դրսեւորել այդ ոլորտում:
Անդրադառնալով այն պնդումներին, որ նախագիծը ներկայացվել է փաթեթով, որտեղ ընդգրկված հարցերը որեւէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հետ, տիկին Նաղդալյանը նշել է, որ փաթեթն ընդամենը մեկ ուղղության է վերաբերում՝ հարկային արտոնությանը, որի նպատակադրումները կարեւոր են:
Փոխնախագահի խոսքով' օգոստոսյան դեպքերից հետո, ակնհայտ է դարձել, որ սահմանային գոտու համայնքներն իսկապես վերածվել են յուրատեսակ սահմանապահների: Եվ կարեւոր է, որ խորհրդարանում եւ կառավարությունում քննարկվել են մի շարք համալիր խնդիրներ, որոնք կարեւոր են սահմանամերձ գյուղերի համար ' տնտեսության հարկային բեռ, գործունեության ազատականացում, սոցիալական վիճակ, անվտանգություն, կենցաղ, կրթություն:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Խոսելով գյուղական համայնքների խնդիրներից' նա ներկայացրել է իր դիտարկումները եւ անդրադարձել նախատեսվող հարկային արտոնություններին, վճարներին, սահմանամերձ համայնքների պաշտպանության խնդիրներին:
Նրա խոսքով' սահմանամերձ համայնքներում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կխրախուսեն այնտեղ բնակվելու: Նա առաջարկել է փոխհատուցել հողի հարկը եւ գույքահարկը: Պատգամավորի խոսքով' պետք է կազմակերպել ներգաղթ, որի արդյունքում բնակչությունը կավելանա եւ կզարգանա տնտեսությունը:
Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ քանի որ սահմանամերձ բնակավայրերում ռիսկային է գործարարություն իրականացնելը, ուստի անհրաժեշտ է ստեղծել ռիսկերի ապահովման հիմնադրամ: Խմբակցության քարտուղարը սահմանամերձ գյուղական համայնքներում կարեւորել է համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների ընդլայնումը:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ խմբակցությունը դրական է գնահատում օրենսդրական նախաձեռնությունը՝ որոշակի վերապահումներով եւ նկատառումներով: Պարոն Մինասյանի կարծիքով՝ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ սահմանամերձ այլ բնակավայրերի եւ բնակիչների կողմից ընդունելի լինելու համար անհրաժեշտ է օրենքով ամրագրել սահմանապահ բնակավայր հասկացությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը պետք է ներկայացվի առանձին: Պարոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների հիմնախնդիրներին:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու քաղաքականությանը, սակայն մտահոգված է արտոնություններ տալու վարչարարության վերաբերյալ:
Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի է բոլոր քաղաքական ուժերի կողմից, սակայն բոլոր առաջարկները հնարավոր չէ համատեղել: Պարոն Բաղդասարյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, այն է՝ հստակեցնել սահմանամերձ այն համայնքների ցանկը, որոնք օգտվելու են հարկային արտոնություններից, սահմանել սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներ հասկացությունները եւ այլն: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ խմբակցությունը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ պատգամավորների մտահոգությունները մոտ ապագայում կդառնան քննարկման առարկա:
Եզրափակիչ ելույթում Վարդան Այվազյանը եւ Վախթանգ Միրումյանը անդրադարձան պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ: Ըստ Վարդան Այվազյանի՝ կառավարությունը ռիսկային մեծ բեռ է վերցնում՝ փորձելով սահմանամերձ բնակավայրերում թեթեւացնելու հարկային բեռը եւ բարձրացնելու տնտեսական ակտիվությունը:
Վախթանգ Միրումյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդունում է պատգամավորների հնչեցրած այն առաջարկը, որ պետք է տարանջատել փաթեթը՝ առանձնացնելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը: Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո կառավարությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի առանձին փաթեթ:
Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահարվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը եւ տարածվելու է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած կամ ծագող հարաբերությունների վրա:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը: