Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևան քաղաքի քննչական վ արչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ավետ Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա. Հարությունյանի, Ս. Սենեքերիմյանի և տնօրեն Ա. Փարսադանյանի հետ' երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի:
Արդյունքում' Ա. Հարությունյանին պատճառվել է ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք, Ս. Սենեքերիմյանին' որովայնի խոռոչի թափանցող ծանր վնասվածք, իսկ Ա. Փարսադանյանին' կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ավետ Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Ավետ Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: