ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ կա պատգամավոր, ով դեմ կլինի, որպեսզի ՀՀ օրենսդիր մարմնում կարգազանցության դեպքեր երբեք չգրանցվեն և մշտապես կարգուկանոն լինի:

 

Կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալով արտահերթ ելույթով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իդեալական կլիներ, եթե Ազգային ժողովում կարգուկանոնի խախտումներ և կարգազանցության դեպքեր չլինեին:

 

«Տպավորույթուն ունեմ, որ իմ որոշ գործընկերներ առաջնորդվում են հին հունական ասացվածքով. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։ Այսինքն՝ կարելի է քարտերը վերցնել, պատգամավորներին թույլ չտալ, որ իրենք իրականացնեն իրենց բնականոն իրավունքը, կարելի է տեղից ընդհատել, տեղից գոռալ, և հետո ամեն ինչ 180 աստիճան շուռ տալ և ասել, որ նիստ վարողը ձայնի իրավունքից ինձ զրկեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը։

 

Շարմազանովն ընդգծեց, որ նա շահագրգռված չէ պատգամավորներին ձայնի իրավունքից զրկելու հարցում: «Որևէ մեկին այս դահլիճում հաճելի չէ իր գործընկերներին զրկել ձայնի իրավունքից։ Բայց կա ԱԺ կանոնակարգ օրենք։ Եթե մենք երկուշաբթի օրը քննարկում ենք օրակարգը, ապա պարտավոր ենք բոլորս խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ:

 

Եթե օրակարգի վերաբերյալ չենք խոսում, նիստ վարողը՝ կլինի Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, թե տիկին Նաղդալյանը, պարտավոր է առաջնորդվել կանոնակարգ-օրենքով։ Ես չեմ ասում քաղաքական մեծամասնությունն իեալական է, ես չեմ ասում՝ նիստ վարողները երբեք սխալներ թույլ չեն տալիս, բայց չի կարելի ամեն ինչ բարդել նիստ վարողների վրա և գալ այստեղ ասել՝ այս մեկը կարգազանց է, էն մեկը անկարգ է»,- նշեց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահը՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին, ով քննարկվող նախագծի հիմնական զեկուցողն էր, ընդգծեց, որ նա վերջին մի քնի ամիսների ընթացքում Հայաստանում չէր և նիստերին չէր մասնակցում, իսկ այդ ընթացքում ընդդիմության և այլընտրանքի ցանկացած ներկայացուցչի խնդրանք' քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա պահելու առումով, ընդունվել է: Նա ընդգծեց, որ նիստ վարողներից որևէ մեկը չի մերժել ընդդիմության ներկայացուցիչների որևէ առաջարկ՝ կոչ անելով չխեղաթյուրել իրականությունը:

 

Անդրադառնալով առավոտյան ԲՀԿ-ի ներկայացրած նախագծի քվեարկության ժամանակ գրանցված միջադեպին, երբ ինքը ստիպված եղավ կրկնակի քվեարկություն կազմակերպել՝ Շարմազանովն ընդգծեց, որ պատգամավորների կոճակները չեն աշխատել, իսկ մի քանի պատգամավորներ էլ քվեարկությունց հետո անմիջապես հայտարարել են, որ սխալվել են: «Այդ ընթացքում որևէ մեկը դահլիճից դուրս չի եկել կամ ներս չի մտել, որ ասեք' քաղաքական մեծամասնությունը ֆոկուս արեց: Պատգամավորների կոճակները չէին աշխատել, և մենք երկրորդ անգամ քվեարկություն կազմակերպեցինք»,- մանրամասնեց Շարմազանովը: