ԱՄՆ-ի օդուժը, սկսած 2014 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 27-ը, 4,1 հազար մարտական թռիչք է իրականացրել Իրաքի եւ Սիրիայի օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անունը չնշելու պայմանով լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա ասել է, որ այդ թվում ներառված են հետախուզական թռիչքները, որոնք նշված ժամանակահատվածում կատարել են ամերիկյան ռազմաօդային ուժերը:
Վաշինգտոնի Ռազմավարական եւ բյուջետային գնահատումների կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ Իրաքի եւ Սիրիայի տարածքին ավիահարվածները Միացյալ Նահանգների վրա նստել է 780-930 մլն դոլար:
Ներկայում արեւմտյան եւ արաբական պետությունների կոալիցիան ավիահարվածներ Է հասցնում ԻՊ-ի զինյալներին: Կոալիցիայում ընդգրկված են կամ պլանավորում են մոտ ժամանակներս դրան միանալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Դանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հորդանանը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները, Քատարը, Սաուդյան Արաբիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: