ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին' Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Հարգելի տիկին Դինգիզյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ' Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության և շվեդական հասարակության առջև ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաև հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժևորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման վրա, այնպես էլ օրինակ է հանդիսացել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաև մեր երկրի համար:
Հայաստանում բարձր են գնահատում Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում Ձեր ունեցած առանցքային դերակատարումը, ինչպես նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման ողղությամբ ցուցաբերված աջակցությունը:
Վստահ եմ, որ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը վճռական նշանակություն կունենա նաև հայ-շվեդական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, մասնավորապես միջխորհրդարանական փոխգործակցության ասպարեզում, ինչը հանդիսանում է նաև Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության անկեղծ ցանկությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ»: