Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նախորդ տարի մեկնարկեցին էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքները: Աշխատանքներն արդեն ավարտված են, և հոկտեմբերի 1-ից ՔԿԱԳ մարմիններում լիարժեք գործարկվեց նոր ներդրված համակարգը:
Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
Պարո’ն Քրմոյան, ՔԿԱԳ մարմիններում ներդրված էլեկտրոնային միասնական համակարգն, ըստ էության, ենթադրում էբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում: Ինչպիսի՞ դրական տեղաշարժեր կարող ենք ակնկալել համակարգի աշխատանքից:
-Համակարգի ներդրումը նշանակում է, որ մենք ստեղծել ենք միասնական մի գրանցամատյան, որտեղ ներռված է ՔԿԱԳ գործունեության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Յուրաքանչյուր փաստաթուղթ, որ անհրաժեշտ է գործառնություն իրականացնելու համար, թվայնացվում է և ներբեռնվում համակարգ: Այդտեղ ներբեռնվում են գրանցամատյաննների բոլոր տեղեկությունները և գրանցման համար հիմք հանիսացող փաստաթղթերը, ինչը հնարավորություն է տալիս կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետները: ՔԿԱԳ մարմինները, որոնք հիմնականում համայնքային ենթակայության ներքո են, այժմ հասանելիություն ունեն համակարգին և կարող են սեղմ ժամկետներում իրականացնել իրենց աշխատանքը:
- Իսկ ի՞նչ կարող են ակնկալել քաղաքացիները համակարգի ներդրումից, նրանք զգալո՞ւ են տարբերությունը:
- Առաջին հերթին քաղաքացին այլևս ձեռագիր դիմում չի գրելու, որտեղ կարող են լինել սխալներ: Քաղաքացին պարտականություն ունի միայն ՔԿԱԳ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, իսկ դիմումը կազմում է համապատասխան բաժնի աշխատակիցը: Քաղաքացին միայն ստորագրում է դիմումը:
Այն անմիջապես մուտքագրվում է համակարգ, և գործընթացը սկսվում է դիմումի մուտքագրումից անմիջապես հետո: Եթե նախկինում շատ անգամ պահանջվում էր մարդկանց անձնագրային տվյալների մասին և այլ տեղեկություններ, ապա ներկայումս դրանք անհրաժեշտ չեն, քանի որ այդ բոլոր տվյալները հնարավոր է դարձել ներբեռնել ոստիկանության համակարգից: Այսինքն` պետական երկու մարմինների միջև հարցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով:
- Համակարգի ներդրումից հետո որքանո՞վ են կրճատվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետները:
- Ժամկետների կրճատումն ակնհայտ է: Եթե օրինակ նախկինում անվանափոխության համար ամիսներ էր պահանջվում, ապա ներկայումս դրա համար անհրաժեշտ է 15-20 օր: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները ևս հեշտությամբ օգտվեն համակարգից: Արդարադատության նախարարը խիստ զգուշացրել է ՔԿԱԳ բոլոր տարածքային կենտրոնների ղեկավարներին, որպեսզի այսօրվանից սկսած ցանկացած քաղաքացի, դիմելով ՔԿԱԳ մարմնին, զգա ծառայությունների որակի տարբերությունը: Համակարգի ներդրումով պետք է վերանան բյուրոկրատական քաշքշուկները:
- Համակարգի ներդրումը կարո՞ղ է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
- Այո’, այն էապես նպաստելու է կոռուցիայի նվազեցմանը, քանի որ ամբողջ փաստաթղթային շարժն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով և ուժեղ հսկողության ներքո: Համակարգչի մոնիտորի առջև նստած մենք տեսնում ենք, արդյո՞ք ձգձգվել է օրինակ երեխայի ծնունդի գրանցումը, թե ոչ: Աշխատավարձերի բարձրացումն իր հերթին խթան է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Հուլիսի 1-ից ավելացել են համակարգում աշխատողների աշխատավարձերը: Եթե նախկինում ղեկավար պաշտոնն ստանձնողները ստանում էին 100- 130 հազար դրամ, ապա այժմ նրանք ստանում են շուրջ 250-260 հազար դրամ: Ավագ մասնագ ետները ներկայումս ստանում են շուրջ 130 հազար` նախկին 60-70 հազար դրամի փոխարեն:
Մենք ներկայումս նախագիծ ենք մշակում, որ քաղաքացին հնարավորություն ունենա հունվարից դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին, այլ ոչ թե միայն իր գրանցման վայրի մարմինը, որը ևս մրցակցություն կստեղծի մարմինների միջև և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրել ծառայությունները:
-Համակարգը հնարավորություն տալի՞ս է անձին ծանոթանալու իր սեփական հաշվին, թե այն վերահսկվո՞ւմ է միայն պետականկառույցի կողմից:
- Քաղաքացին իհարկե ունի հնարավորություն ծանոթանալու իր տվյալներին, սակայն ոչ էլեկտրոնային եղանակով: Այս համակարգն ունի համապատասխան գաղտնիության ռեժիմներ և միայն այդ ռեժիմների պահպանման դեպքում է հնարավոր պահպանել անվտանգությունը:
- Այսինքն` կարո՞ղ ենք հավաստել, որ համակարգն ապահով է:
- Այո, միայն պետական կառույցների ցանցին է թույլ տրված միանալ համակարգին և մենք փորձել ենք այնպես անել, որ գաղտնիության ռեժիմը խստագույնս պահպանվի:
- Համակարգի ներդրումից հետո պետական տուրքերի փոփոխություններ եղե՞լ են:
- Ոչ, պետական տուրքերն անփոփոխ են: Նշեմ, որ ծննդի, մահվան և որդեգրման դեպքում պետական տուրքեր չեն գանձվում: Իսկ մյուս ծառայությունների դրույքաչափերը նույնն են:
- Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել համակարգն ամբողջապես գործարկելու համար:
- Մինչ այս պահը մենք ՔԿԱԳ 54 տարածքային բաժիններում տեղադրել ենք շուրջ 170 համակարգիչներ` համապատասխան ծրագրային ապահովմամբ: Բացի այդ շուրջ 140 տպիչ սարքավորում են տեղադրվել բոլոր մարմիններում, իսկ 170 թվայնացնող սարքերի ներդրման գործընթացը շարունակվում է: Իրականացվել են նաև համապատասխան կրթական ծրագրեր և բոլոր աշխատակիցներն անցել են վերապատրաստում և գործնական հմտություններ:
- Իսկ էլեկտրոնային համակարգի ներդրումը ենթադրո՞ւմ է արդյոք աշխատողների կրճատում:
- Ո’չ, մենք ունենք աշխատողների օպտիմալ թիվ: Կան մարմիններ, որ բաղկացած են մեկ աշխատակցից, և մենք փորձելու ենք այնպես անել, որ աշխատողների նվազագույն թիվը հասնի երկուսի: Համակարգի գործարկման ժամանակ Երևանում և այլ մեծ քաղաքներում հնարավոր են որոշակի փոփոխություններ, սակայն մենք դրա ականատեսը կլինենք մետ կարի անց:
Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի