Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված եւ հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը բուժհետազոտություն կանցնի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի տեղեկություններով' կազմվել է մասնագիտական խումբ, որը կիրականացնի բուժզննումը, կկատարվեն տարբեր հետազոտություններ, որոնց արդյունքներն էլ կվճռեն' արդյոք Հակոբ Ինջիղուլյանն ի վիճակի է շարունակել զինվորական ծառայությունը:
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել են հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ: Ինջիղուլյանին ստիպել են նաև տեղափոխվել երրորդ երկիր' հակառակ պարագայում' սպառնալով սպանել:
2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ինջիղուլյանին մնացել էր 9 ամսվա ծառայություն: