Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

 

Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:

 

Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ:

 

Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:

 

Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին