Այս տարվա սեպտեմբերի 4-ին Ճամբարակ քաղաքում տեղացած կարկտից վնասված շինությունների տանիքների վերականգնման նպատակով ՀՀ կառավորության կողմից հատկացվել է աջակցություն 68 միլիոն դրամի չափով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' աջակցության տրամադրումը սկսվեց հոկտեմբերի 7-ից' տուժած տնտեսություններին համապատասխան մակերեսով ցինկապատ թիթեղներ հատկացնելով:

 

Շինանյութի հատկացումը կազմակերպելու եւ բաշխման կարգ սահմանելու նպատակով Ճամբարակի քաղաքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց ճամբարակի քաղաքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովների անդամների հետ:

 

«Պետք է այնպես անել, որ տրամադրված օգնությունը տեղ հասնի, հատկացված յուրաքանչյուր թիթեղ պետք է տեղադրվի վնասված կտուրներին: Հանձնաժողովի անդամները պետք է բաշխումը կատարեն ըստ նախօրոք ներկայացված ցուցակների, քաղաքացիների կողմից ներկայացված անձնա գրերով եւ ստացականներով: Իսկ բաշխման ողջ գործընթացը գտնվելու է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վերահսկողության ներքո»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Շինանյութը հատկացնելուց անմիջապես հետո մենք տնտեսություններին տրամադրելու ենք որոշակի ժամանակ եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի նրանք հասցնեն թիթեղները տեղադրել տանիքների վնասված հատվածներում: Ամեն ինչ կանենք, որ պետության կողմից հատկացված աջակցությունը լինի նպատակային եւ արդյունավետ»,- հավաստեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

 

Խորհրդակցության ավարտից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ճամբարակի քաղաքապետարանի պատասխանատուները թիթեղով բեռնված մեքենան ուղորդեցին դեպի քաղաքի Օգոստոսի 23–ի փողոց, որտեղ էլ սկսեցին շինանյութի բաշխումը բնական աղետից տուժած տնտեսություններին: Տասնինը տնտեսությունների հանձնաժողովի կողմից բաշխվեց 365 հատ, 1460 քառակուսի մետր մակերեսով ցինկապատ թիթեղ:

 

«Ընդհանուր առմամբ, Ճամբարակի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, նախնական տվյալներով, կարկտից առաջացած վնասը գնահատել է 68 միլիոն դրամի սահմաններում, որը պետք է բաշխվի տուժած 831 տնտեսությունների' յուրաքանչյուրին ըստ ներկայացված վնասի չափի:

 

Օգնությունը կբաշխվի հոկտեմբեր-նոյեմբերին' մեր վերահսկողությամբ ու անմիջական մասնակցությամբ, մինչեւ վնասված 30 հազար քառակուսի մետր մակերեսի վերջին մետրի վերականգնումը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը:

 

Խոսրով Խլղաթյան